Պատմում են, որ երբ ապստամբ Չե Գևարային վերջապես կարողացան բռնել իր թաքստոցում, հովիվներից մեկի տեղեկության շնորհիվ, բռնողներից մեկը զարմացած հարցրեց հովվին.
- Ինչպե՞ս դու կարողացար մատնել մի մարդու, ով իր ամբողջ կյանքը նվիրել է ձեզ ու ձեր իրավունքները պաշտպանելուն:
Հովիվը անվրդով ու հանգիստ պատասխանեց.
- Թնամիների դեմ նրա կռիվները անհանգստացնում էին իմ ոչխարներին:
Պատմում են նաև, որ եգիպտացի հանճարեղ զորահրամանատար Մուհամմադ Քարիմը լուրջ դիմադրություն էր ցույց տալիս Նապոլեոնի գլխավորած ֆրանսիական արշավանքին:
Երբ վերջապես ֆրանսիացիներին հաջողվեց նրան գերեվարել, որոշեցին նրան մահապատժի ենթարկել:
Բայց Նապոլեոնը նրան կանչելով իր մոտ` ասաց.
- Ես ափսոսում եմ պատժել մի մարդու, ով այդպես անձնվիրաբար պաշտպանում էր իր երկիրը: Ես չեմ ուզում, որ պատմությունը ինձ հիշի, որպես իրենց Հայրենիքը պաշտպանող հերոսների մարդասպանի:
Այդ պատճառով ես քեզ կյանք կշնորհեմ տասը հազար ոսկեդրամի դիմաց, որպես փոխհատուցում քո դեմ կռվում իմ զոհված զինվորների:
Քարիմը ինքնագոհ ժպտաց և պատասխանեց.
- Ես այդքան գումար չունեմ, բայց այս երկրի վաճառականները դրանից շատ անգամ ավելին են ինձ պարտական:
Նապոլեոնը նրան ժամանակ տվեց:
Քարիմը ձեռնաշղթաներով և զավթիչ զինվորների ուղեկցությամբ մտավ շուկա, մեծ հույս տածելով այն մարդկանցից` հանուն որոնց զոհաբերել էր իրեն:
Բայց գեթ մեկ վաճառական չընդառաջեց, ընդհակառակը նրանք սկսեցին ջանասիբար մեղադրել նրան` Ալեքսանդրիայի ավերման և իրենց տնտեսության ու առևտրի անկման համար:
Մուհամմադ Քարիմը կոտրված սրտով վերադարձավ Նապոլեոնի մոտ, իսկ կայսրն ասաց նրան.
- Ես քեզ մահվան եմ դատապարտում, ոչ թե նրա համար, որ դու մարտնչել ես իմ դեմ, այլ որ զոհաբերել ես կյանքդ հանուն մի վախկոտ ժողովրդի, ում համար առևտուրը թանկ է սեփական Հայրենիքից:
Եվ ինչպես ասել է Եգիպտացի մեկ ուրիշ հայտնի Մուհամմադ (Ռաշիդ Ռիդա).
«Նա ով ապստամբում է, որպեսզի ազատագրի տգետներին, նման է այն մարդուն, ով այրում է սեփական մարմինը, որպեսզի լուսավորի ճանապարհը կույրի համար»:
Արտ ԴԵՄԻՐՃՅԱՆ